1988թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից անցել է ավելի քան 28 տարի, սակայն մինչ օրս Գյումրիում դեռևս առկա է 96 տնակային թաղամաս: Այդ ժամանակավոր կացարանների գերակշիռ մասն այլևս պիտանի չէ բնակության համար: 2015թ-ի դեկտեմբերին ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի հիմնական նպատակը Գյումրի քաղաքի տարածքում գտնվող ժամանակավոր կացարաններում (տնակներում) բնակվող համայնքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավումն է և Գյումրին տնակներից ազատելը: Հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ՝ բաղկացած 21 անդամներից, ովքեր Գյումրի քաղաքում հայտնի և տարբեր ոլորտներ ներկայացնող փորձառու անձինք են։
Հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Հիմնադրամի տնօրենն է Ղարիբ Հարությունյանը։ Հիմնադրամի խորհրդի կազմում ձևավորվել են 3 հանձնախմբեր՝ մշտադիտարկման, հանրային կապրի, միջոցների հայթայթման և ֆինանսական կառավարման, և տարվում են ակտիվ աշխատանքներ՝ օր առաջ Գյումրին տնակներից ազատելու ուղղությամբ։ Հիմնադրամի առաքելութունն է նպաստել Գյումրիում ժամանակավոր կացարան-տնակներում բնակվողների կեցության բարելավմանը, Գյումրին տնակներից ազատելուն` հանրային իրազեկության և ակտիվության բարձրացմամբ, բնակարանային հիմնախնդրի լուծման այլընտրանքային ռազմավարությունների կիրառմամբ, Հայաստանի, Սփյուռքի, շահագրգիռ այլ անձանց ու կառույցների ներուժի ներգրավմամբ և համախմբմամբ: Այս ընթացքում հավաքագրված նվիրատվությունների միջոցով բնակարան է նվիրաբերվել 27 շահառու ընտանիքների։ Այս աշխատանքները շարունակվում են։
Հիմնադրամը մշտադիտարկման աշխատանքներ է իրականացնում Գյումրու թվով 96 տնակային թաղամասերում՝ ձեռքի տակ արդեն իսկ ունենալով Գյումրու քաղաքապետարանի տրամադրած համապատասխան ցուցակները։ Հիմնադրամը ունի ընտրված թիրախային թաղամաս՝ Գյումրու «Բարեկամության այգու» տարածքում տեղակայված թիվ 234 տնակային թաղամասը, որը հանդիսանում է կանաչ գոտի, և առաջնահերթության կարգով նպատակ ունի տներով ապահովել այս թաղամասի տնակային բնակիչներին՝ արդյունքում տնակներն ապամոնտաժելու և այգու տարածքն ազատելու համար ։ Հիմնադրամի աշխատանքներին են միացել մի շարք կամավորներ, ովքեր իրենց անվարձահատույց ներդրումն են կատարում հիմնադրամի առաքելության իրականացման մեջ։
Մեր տեսլականն է՝ Գյումրին առանց տնակների քաղաք է: Մեր առաքելությունն է՝ Հիմնադրամի առաքելությունն է նպաստել Գյումրիում ժամանակավոր կացարան-տնակներում բնակվողների կեցության բարելավմանը, Գյումրին տնակներից ազատելուն` հանրային իրազեկության և ակտիվության բարձրացմամբ, բնակարանային հիմնախնդրի լուծման այլընտրանքային ռազմավարությունների կիրառմամբ, Հայաստանի, Սփյուռքի, շահագրգիռ այլ անձանց ու կառույցների ներուժի ներգրավմամբ և համախմբմամբ: 2017թ. կարգախոս Տնակից տուն յուրաքանչյուրիս մեկ քայլն է: