207/378 տնակի դուռը մեր առջև բացում է տանտիկինը` 41-ամյա Կարիեն Սահակյանը: Գոյապայքարի ու կարիքի, հոգսերի և ծանր պայմանների, բայց միևնույն ժամանակ հույսի և սպասումի, երազանքի և ապագայի հանդեպ հավատի 20 տարի է Սահակյանների ընտանիքն անցկացրել այս կացարանում:
Տնակը չունի տարրական կենցաղային հարմարություններ: Խողովակները, կոյուղին ամբողջովին քայքայված են, առնետները կրծել են տնակի հատակը: Տանտիկինը նշում է` երբեմն օրերով չեն կարողացել գիշերն աչք փակել առնետների վախից: Ծանր է ընտանիքի վիճակը հատկապես ձմռանը, երբ մի կերպ է հաջողվում վառելիք հայթայթել. «Այս ձմռանը վառելիք չկար. ամուսինն ի վիճակի չէր գոնե չոր ճյուղեր հավաքել: Որդիս մի քանի օրով արձակուրդ եկավ: Ամբողջ օրը ճյուղեր ու վառելու համար պիտանի այլ իրեր էր հավաքում, որ մի քանի օր կարողանանք տաքացնել տունը»:
Ընտանիքի որդին` 19-ամյա Ավետիքը ծառայում է Արցախում: Շուտով կլրանա նրա ծառայության մեկ տարին: Սոցիալական ու կենցաղային ծանր պայմանների պատճառով Ավետիքը չի կարողացել ավարտել կրթությունը դպրոցում. «Ֆինանսապես ծանր վիճակում էինք ու որդիս` կիսատ թողնելով դպրոցը սկսեց աշխատել: Չէր խորշում որևէ աշխատանքից` բերքահավաքի շրջանում գյուղերում մեքենաների վրա կարտոֆիլ ու բանջարեղեն էր բարձում, մի քանի ամիս էլ հովվությունն է արել»: Կարինեն կիսվում է իր փափագով` դեռևս պատանեկության տարիներից ընտանիքի հոգսն իր ուսերին վերցրած զինվոր որդին վերադառնա բանակից իրենց նոր բնակարան: Սրան կինը սպասում է ինչպես հրաշքի:
Կարինեի երկու դստրերը` 15-ամյա Արույսակը և 14-ամյա Ասյան համեստ են, չխոսկան, տուն ունենալու իրենց ցանկության մասին խոսում են զուսպ, չեն գանգատվում, բայց զրույցի ընթացքում խոստովանում են`նորմալ պայմաններում ապրելու ու դասերը պատրաստելու մասին են երազում: Արուսյակն ուզում է բժշկուհի դառնալ, իսկ Ասյան հաճախում է երաժշտական դպրոց և երազում հայտնի երգչուհի դառնալու մասին: Սենյակի աղոտ լույսի ներքո նայելով այս աղջիկներին` ակամա մտածում ես` կենցաղային վատ պայմաններն ու սոցիալական ծանր վիճակն են նրանց դարձրել լռակյաց, հասուն, նպաստել, որ ժամանակից շուտ սկսեն մտածել մեծի պես:
«Իմ կյանքի տարիներն անցան այս տնակում, և հիմա միակ բանը, որ մասին երազում եմ այն է, որ գոնե զավակներս ապրեն նորմալ պայաններում»,- ասում է Կարիեն` այս մի քանի բառերի մեջ դնելով մայրական իր ողջ սերն ու հոգատարությունը զավակների հանդեպ:
Հանկարծակի վրա հասած դժբախտությունը զրկեց ընտանիքին հիմնական աշխատող ուժից. մեկ տարի առաջ Կարիեի ամուսինը վթարի ենթարկվեց Ռուսաստանում, ուր մեկնել էր արտագնա աշխատանքով ընտաիքի կարիքները հոգալու նպատակով: Ծանր վնասվածքներից դեռևս չապաքինված` նա չի կարող այժմ աշխատել և ընտանիքի եկամուտը որպես հավաքարար աշխատող Կարիենեի աշխատավարձն է և երկու անչափահասներին հատկացվող նպաստը:
Սակայն այս խունացած պատերի ներսում շարունակում է ապրել հույսը: Տիկին Կարինեն ասում է` նույնիսկ ամենադժվար պահերին հույսը չի կորցրել, ասում է ամեն կիրակի հաճախում է պատարագի` աղոթում նախ իր զինվոր որդու և բոլոր հայ զինվորների համար, և ապա Բարձրայիլից ապահով տանիք խնդրում իր ընտանիքի համար… Ասում է ու կնոջ աչքերը լցվում են արցունքով: