«Բարեկամություն այգու» 234/047 տնակի դռները բացվում են ամիսը մեկ կամ երկու անգամ: Տնակի տիրուհի Տալիտ Մարգարյանն արդեն երեք տարի է ձմեռն անցկացնում է գյուղում՝ բարեկամների տանը: Ասում է՝ ձմռանն անհնար է ապրել տնակում՝ ցրտի պատճառով. վառես-չվառես մեկ է՝ տնակը չի տաքանում: Տնակում գրանցված են տիկին Տալիտն ու խորթ տղան: «Ամուսնուս հանդիպեցի երկրաշարժից հետո: Կինը մահացել էր, երկու զավակներն ու ինքն էին փրկվել: Միասին ապրեցինք, մեծացրի նրա երեխաներին, ամուսնացրի, հիմա էլ մենակ եմ ապրում»,- ասում է Տալիտ Մարգարյանն ու ավելացնում, որ դուստր ունի, ով նույնպես ամուսնացել է: Ասում է՝ աղջիկն արդեն իր սեփական ընտանիքին ունի, չի կարող անընդհատ խնդրել, որ իրեն օգնեն:
Այնուհետև մեզ ուղեկցում է սենյակներ: Ցույց է տալիս խոնավ անկողինն ու ասում, որ ձմեռը չարիք է դարձել իր համար: Առաստաղի կաթոցներից ոչ միայն տուժում են տնակի պատերն, այլ նաև ինքն ու առողջությունը:
Տիկին Տալիտի եկամուտի միակ աղբյուրը 35.000 դրամ թոշակն է և 18.000 դրամ նպաստը: Ասում է, որ թոշակն ու նպաստը հազիվ բավականացնում են դեղերի ու սննդի համար:
Ամուսնու կենդանության օրոք երկուսն էլ աշխատում էին, բայց սոցիալական վիճակը ծանրացավ ամուսնու մահից հետո: «Ես տասներկու տարի որպես կթվորուհի եմ աշխատել, բայց էս խոնավ պատերն առողջությունս տարան՝ չկարողացա աշխատել»,- ասում է տիկին Տալիտը:
Կիսաքարաշեն տնակն ունի մի շարք խնդիրներ, այդ թվում, ջրի, գազի, սանհանգույցի: «Ամբողջ ձմեռ ջուր չեմ ունենում: Մարդ է՞լ չկարողանա մի բաժակ խմելու ջուր ունենա տանը»,- ասում է Տալիտ Մարգարյանն ու ավելացնում, որ կյանքի մեծ մասն արդեն ապրել է, իսկ այժմ երազում է այն օրվա մասին, թե երբ է նոր բնակարան ունենալու: Ասում է՝ գոնե կյանքի վերջին տարիները մարդավայել պայմաններում ապրի: